ԲՐԻԿՍ-ի վերջին՝ կազանյան գագաթնաժողովի աշխարհաքաղաքական նշանակության ու ձեռքբերումների, ինչպես նաև Հայաստանի՝ այդ կառույցին անդամագրվելու հեռանկարների շուրջ քննարկումներ կատարելիս ու տեսակետներ ձևավորելիս, նախևառաջ, անհրաժեշտ է որոշակի պատկերացում կազմել այդ կառույցի տնտեսական ներուժի և քաղաքական հնարավոր նկրտումների վերաբերյալ։
ԲՐԻԿՍ (անգլ.՝ BRICS- Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) հինգ երկրների խումբ-համագործակցություն է, որը ձևավորվել է 2009 թվականի հունիսի 16-ին։ Խմբի հիմնադիր անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը, իսկ 2024թ․ հունվարի մեկից այս համագործակցությանը անդամագրվեցին նաև Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Իրանը, Եթովպիան և Եգիպտոսը։
Ի սկզբանե, ԲՐԻԿՍ-ի ձևավորման նախնական փուլում, փորձագետները չէին սպասում, որ ԲՐԻԿՍ խմբի երկրների միջև կձևավորվի տնտեսական համագործակցություն, քանի որ ԲՐԻԿՍ խմբի չորս երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը (նախքան ՀԱՀ-թյան՝ 2011 թվականի փետրվարի 18-ին միանալը) հիմնականում նպատակ ունեին ստեղծել մի յուրատեսակ քաղաքական ակումբ կամ խորհուրդ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ քաղաքական ակումբ կամ խորհուրդ ստեղծելու հիմնական նպատակը իրենց զարգացող տնտեսական հզորությունը աշխարհաքաղաքական ազդեցության վերափոխելն էր։
Դեռևս շուրջ տասը տարի առաջ Գոլդման Սաքսի կարծիքով մինչև 2050 թվականն այս խմբի հիմնադիր երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալը գերազանցելու է զարգացած երկրների՝ Մեծ յոթնյակի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալին։
2012 թվականի մարտին ԲՐԻԿՍ անդամ երկրները հայտարարեցին, որ կրճատում են ԱՄՆ դոլարի օգտագործումը՝ փոխադարձ առևտրի մեջ ընդլայնելով անդամ երկրների ազգային տարադրամների չափաբաժինը: Այս գործընթացը վերջին 10-12 տարիների ընթացքում անշեղորեն ընթանում է առաջ, իսկ վերջերս այն դարձավ ավելի «անողոք»։
2015 թվականի հունիսին ԲՐԻԿՍ-ի հիմնադիր երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները սկսեցին բազմակողմանի ֆինանսական համակարգի ստեղծման քննարկումը, որը նպատակը SWIFT համակարգին այլընտրանք ստեղծելն էր։
2015 թվականի հուլիսին Չինաստանի Շանհայ քաղաքում իր գործունեությունը սկսեց ԲՐԻԿՍ-ի զարգացման բանկը։ Բանկի կապիտալը կազմում է 10 մլրդ դոլար։ Հիմնադիր երկրներից յուրաքանչյուրը ներդրել է 2 մլրդ դոլար։ Բանկի կապիտալը շուտով ընդլայնվելու է 40 մլրդ դոլարով, իսկ առավելագույն կապիտալը սահմանված է 100 մլրդ դոլարի չափով։
Քննարկումներ են ընթանում նաև շուտով ստեղծել արժութային ֆոնդ (որպես Արժույթի միջազգային հիմնադրամին այլընտրանք)։
Տպավորիչ են նաև մակրոտնտեսական և դեմոգրաֆիական հիմնական ցուցանիշներն ու դրանց կանխատեսումները։ Այսպես․ աշխարհի բնակչությունը 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ եղել է 8,161 մլն․ մարդ, որի 45 տոկոսը (3,659 մլն․ մարդ) ԲՐԻԿՍ անդամ երկրների բնակչությունն է։ ԲՐԻԿՍ երկրների հանրագումարային ՀՆԱ-ն 2024 թվականին կանխատեսվում է, որ կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի (շուրջ 110 տրիլիոն ԱՄՆ դոլար) շուրջ 25 տոկոսը (26.9 տրիլիոն ԱՄՆ դոլար)։ Արդարության համար պետք է ընդգծել, որ Մեծ յոթնյակի երկրների ՀՆԱ-ի ցուցանիշը դեռ գերազանցում է ԲՐԻԿՍ անդամ երկրների հանրագումարային ցուցանիշին՝ կազմելով համընդհանուրի շուրջ 38 տոկոսը (42 տրիլիոն ԱՄՆ դոլար)։
Այլ է պատկերը 2050 թվականի կանխատեսումներով։ 2050 թվականին այսօրվա ԲՐԻԿՍ երկրների հանրագումարային ՀՆԱ-ն կանխատեսվում է, որ կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի (շուրջ 227 տրիլիոն ԱՄՆ դոլար) շուրջ 38 տոկոսը (86 տրիլիոն ԱՄՆ դոլար)։ Մեծ յոթնյակի հանրագումարային ՀՆԱ-ն 2050-ին կանխատեսվում է համընդհանուրի շուրջ 29 տոկոսը (65 տրիլիոն ԱՄՆ դոլար)։ Աշխարհի բնակչությունը 2050 թվականին կանխատեսվում է, որ կլինի 9,660 մլն․ մարդ, որի 42 տոկոսը (3,923 մլն․ մարդ) կկազմի այսօրվա ԲՐԻԿՍ անդամ երկրների բնակչությունը (իսկ որ ԲՐԻԿՍ-ը դեռ, ակնհայտորեն, ընդլայնվելու է ոչ մի կասկած չի հարուցում, ապացույցը՝ կազանյան գագաթնաժողովի նախօրեին շուրջ 30-35 երկրների կողմից ԲՐԻԿՍ-ին անդամության հայտ ներկայացնելու հանգամանքը)։
Դավիթ Անանյան